Տոներ

Դեկտեմբերի 16, ՀՌԺԲ թանգարանի բացման օրը
Դեկտեմբերի  31, հունվարի 1 և 2, Ամանոր
Հունվարի  6, Սուրբ ծնունդ և Հայտնություն
Հունվարի 13, Հին Նոր տարի
Հունվարի  28, Հայկական Բանակի  օր
Փետրվարի 23, Կարմիր Բանակի օր
Մարտի  8, Կանանց միջազգային տոն
Ապրիլի  24, Ցեղասպանության  զոհերի  հիշատակի  օր
Մայիսի  1, Աշխատանքի միջազգային օր
Մայիսի  9, Հաղթանակի  և  խաղաղության  տոն
Մայիսի  28, Հանրապետության  տոն
Հուլիսի  5, Սահմանադրության  օր
Սեպտեմբերի 1, Գիտելիքի օր
Սեպտեմբերի  21, Անկախության  տոն
Թանգարանային գիշեր
Եվրոպական ժառանգության օրեր

Դեկտեմբերի 16, ՀՌԺԲ թանգարանի բացման օրը

“Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան”-ը գործում է 1982թ-ից: Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել  1982թ. դեկտեմբերի 16-ին՝ նվիրված ՍՍՀՄ կազմավորման 60-ամյակին: Բացման արարողությանը մասնակցել են ԽՍՀՄ պետական և կուսակցական նշանավոր դեմքեր, գրողներ, արվեստագետներ, տիեզերագնացներ:
Իր նշանակությամբ թանգարանը միակն էր թե խորհրդային Հայաստանում,  թե՝  ՀՀ-ում:
Թանգարանի ֆոնդերը համալրվել են ժամանակի հայ առաջադեմ արվեստագետների թեմատիկ աշխատանքներով (Արմինե Կալենց, Բաժբեհուկ Մելիքյան, Մհեր Աբեղյան, Գարուշ Հովսեփյան, Յուրի Մինասյան, Սարգիս Բաղդասարյան և այլք): Կան նաև երկու ժողովուրդների բարեկամությունը լուսաբանող արխիվային նյութեր և առարկաներ:
Հետագայում թանգարանը համալրվել է նաև պատմամշակութային արժեք ունեցող ցուցանմուշներով:
Ամեն տարի դեկտեմբերի 16-ին թանգարանը  նշում է  իր “Ծննդյան” օրը, որի ժամանակ ներկա են լինում նաև թանգարանի հին ու նոր “Բարեկամները”:

Դեկտեմբերի  31, հունվարի 1 և 2, Ամանոր

Տարեգրության մեջ, ժամանակի ընթացքում ստեղծվել էին երկու տոմարներ, որոնք հիմնվում էին աստղաբաշխական հաշիվների վրա: Դրանցից մեկը կոչվում էր Հին կամ Հուլյան, մյուսը՝ Նոր կամ Գրիգորյան։
 Նոր տոմար մեր երկրում մտցվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թվականին: Վ. Ի. Լենինը դեկրետ ստորագրեց Սովետական Ռուսաստանում Գրիգորյան օրացույց մտցնելու մասին։ Այդտեղ որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ   թե  փետրվարի  մեկը,  այլ 13-ը։
Ռուսներն  ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից Պետրոս Մեծի հրամանով: Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ): Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն  պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց պապերը ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում են անցորդներին: Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է:

Հունվարի  6, Սուրբ ծնունդ և Հայտնություն

Հայ Առաքելական Եկեղեցին միակն է քրիստոնյա աշխարհում, որ, հավատարիմ հնավանդ ավանդության, Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է ոչ թե դեկտեմբերի 25-ին, այլ հունվարի 6-ին։ Սակայն աշխարհասփյուռ Հայ Եկեղեցում, առանձին դեպքերում, Հիսուսի ծննդյան ավետիսը տրվում է ոչ թե նոր՝ Գրիգորյան տոմարով, այլ հին՝ Հուլյան տոմարով, որ համապատասխանում է հունվարի 19-ին։ 1923 թվականից նոր տոմարն ընդունած Հայ Եկեղեցին հին տոմարով է Ս. Ծնունդը նշում նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցիներում:
Գրիգորյան տոմարի ներմուծումը, սակայն, հայոց մի շարք թեմերում, մասնավորապես Ռուսաստանում հանդիպում է լուրջ խոչընդոտների: Բանն այն է, որ Ռուսական Եկեղեցիները, չնայած նոր տոմարի անցնելու մասին վաղօրոք արած հայտարարությունների, շատ շուտով հրաժարվում են իրենց մտադրությունից և շարունակում են պահպանել հին` Հուլյան տոմարը: Ահա այս պատճառով էլ Ռուսաստանի հայությունը ևս շարունակում է եկեղեցական տոները նշել հին տոմարով: Խոսքն առաջին հերթին վերաբերում էր Քրիստոսի Հարության տոնին, որ տարբեր տոմարների հաշվարկով օրացուցային տարբեր օրերի կարող էին հանդիպել: Պահպանելով հին տոմարը՝ ռուսահայ հավատացյալները կամենում էին միանալ նաև այդ երկրների ժողովուրդների համընդհանուր ուրախությանը:
Ինչ վերաբերում է Ս. Ծննդյան տոնին, ապա ըստ հին տոմարի՝ Ուղղափառ Եկեղեցիները դեկտեմբերի 25-ի փոխարեն Սբ. Ծնունդը կատարում են հունվարի 7-ին, իսկ Հիսուսի Մկրտությունը, ոչ թե Սբ. Ծննդյան տոնին, ինչպես Հայ Եկեղեցում է, այլ 12 օր անց՝ հունվարի 19-ին: Հուլյան հաշվարկով՝ այս նույն օրվա հետ է համընկնում նաև Հայ Եկեղեցու Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Այս դեպքում ևս ռուսահայ համայնքները, առաջնորդվելով հին տոմարով, միանում էին այդ երկրների հավատացյալների ուրախությանը:

Հունվարի 13, Հին Նոր տարի

Հին Նոր տարի, Նոր տարին ըստ հուլյան՝ հին տոմարի։ Նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը:
Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին:
Նոր՝ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ Պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը: Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան՝ հին, և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր։

Հունվարի  28, Հայկական Բանակի  օր

1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել Բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»:

Փետրվարի 23, Կարմիր Բանակի օր

Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: 1922թ. այս օրը պաշտոնապես համարվել է Կարմիր Բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում տոնը նշվում էր որպես համաժողովրդական տոն` Սովետական բանակի օր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն անվանափոխվել է ու կոչվում է Հայրենիքի պաշտպանի տոն: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ: Արդեն 20 տարի է անկախ Հայաստանը սեփական բանակ ունի, բայց փետրվարի 23-ը տոն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր  ծառայել են Խորհրդային բանակում:

Մարտի  8, Կանանց միջազգային տոն

Այսօր, գրեթե ողջ մոլորակը նշում է մարտի 8-ը, որպես խոնարհման օր կնոջը, նրա գեղեցկությանը, իմաստնությանը և կանացիությանը: Բոլորի կողմից սիրված  այս օրվա խորհուրդը գալիս է հին Հռոմեական ավանդությունից:
Ժամանակակից աշխարհում այս տոնի պատմությունը սկսվում է 19-րդ դարից: 1857թ. հենց մարտի 8-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ կարի  և կոշիկի գործարանների բանվորուհիների ցույցը: Դրանից հետո սկսեցին հայտնվել կանանց արհմիություններն ու առաջին անգամ կնոջը տրվեց ընտրության իրավունք: Բայց միայն 1910թ. Կոպենհագենում սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ Կլարա Ցետկինը առաջարկեց մարտի 8-ը նշել որպես կանանց միջազգային օր: Դա դարձավ մի ինքնատիպ կոչ աշխարհի կանանց մասնակցելու հավասարության, անկախության, աշխատելու իրավունքի, սեփական անձի նկատմամբ հարգանքի և աշխարհի խաղաղության համար մղվող պայքարին:
Ռուսաստանում մարտի 8-ը առաջին անգամ տոնեցին 1913թ. Պետերբուրգում: Տոնի կազմակերպիչները  ուզում էին հասնել կանանց տնտեսական և քաղաքական  իրավահավասարության:
Նորանկախ  Հայաստանի Հանրապետությունում մարտի 8-ը հանվեց պաշտոնական տոների ցանկից և ապրիլի 7-ն առաջարկվեց տոնել մայրության և գեղեցկության տոն, որը միաժամանակ հանդիսանում էր հայ առաքելական եկեղեցու հիմնական տոներից մեկը: Սակայն վերջին տարիներին մարտի 8-ը որպես պաշտոնական տոն վերականգնվեց Հայաստանի Հանրապետության տոնացույցում և հանրային քննարկումների  արդյունքում մարտի 8-ից ապրիլի 7-ն  ընկած ժամանակահատվածը հայտարարվեց կանանց միամսյակ:

Ապրիլի  24, Ցեղասպանության  զոհերի  հիշատակի  օր

Ռուսական արխիվային վավերագիրը թուրքական հայաջինջ քաղաքականության մասին նշում է. “Պետական բարձր պաշտոնյաները բացահայտ հայտարարում են, որ այստեղ, իբր թե պատրաստվում է  երկրորդ Բուլղարիա, և նրանք անցյալի փորձով իմաստնացած կարող են խեղդել կառավարության վտանգավոր տարրերին, այդպիսով մեկ անգամ և ընդմիշտ վերջ դնել “Հայկական հարց”-ին”:
Թուրքիայում ռուսական ռազմական գործակալ Նովիկովը գրում է. “Թուրքական կառավարության գործողությունների հիմքում ընկած էր այն սկզբունքը, որ այնպես բաժանել Հայաստանն առանձին շրջանների, որպեսզի հայ ազգաբնակչությունը զրկվի մեծամասնություն լինելուց”:
Թուրքական իշխանությունների հայադավ ծրագրի մասին ռուսական վավերագրերում կարդում ենք. “Ուժեղացնելով բռնությունները նպատակ էին հետապնդում ստիպել հայերին վերաբնակվել, որպեսզի պետության կողմից գրավված հողերի վրա բնակվեին մահմեդական վերաբնակիչները: Այդպիսով, աստիճանաբար երկրամասը բնակեցնել մահմեդականներով”:
Ա. Նովիչևը գրում է. “Ծանր էր հայ գյուղացիների վիճակը, որոնք իրենց անպաշտպան լինելու  և ազգային ճնշման հետևանքով, հանդիսանում էին շահագործման ամենահարմար օբյեկտը: Դրան ավելացրած նաև այն, որ քուրդ բեկերը հայերին կողոպտելու համար ոչ միայն չէին պատժվում սուլթանական կառավարության կողմից, այլև ամեն կերպ խրախուսվում էին, քանի որ սուլթանը ձգտում էր դրանով իր կողմը գրավել  հաճախակի ապստամբող  Քուրդիստանի բեյերին”:
Վանում ռուսական փոխհյուպատոս Տումանսկին 1901թ. նոյեմբերի 27-ի գրությամբ հայտնում է Կ. Պոլիս  դեսպան Զինովևին. “Վերջին ժամանակներս Մուշի և Սասունի քրիստոնյա բնակչության վիճակը ծայրահեղ չափերի է հասել: Մուշի հարթավայրում բազմաթիվ հողատարծքներ, որոնք պատկանում էին հայերին, բռնիորեն խլվել է նրանցից: Իշխանությունները նպատակադրված մի քանի տարի շարունակ հողահարկ չեն վերցրել հայերից, այնուհետև ողջ հողահարկը փոխանցեցին մահմեդականներին և հողի սեփականության իրավունքը հաստատեցին նրանց անվամբ, որը վավերացվեց դատարանի վճռով”:
Արևմտահայության օրհասական վիճակի մասին “Ռուսսկի Կուրիեր” լրագիրը նշում է. “Հայ ազգաբնակչությունն  ընկել է  երկակի կրակի մեջ. քրդերը հարստահարում ու խլում են հայերից ամեն ինչ, իսկ կառավարությունն հովանավորում է քրդերին: Տարաբախտ հայերը,- շարունակում է լրագիրը,- ապրելու հեռանկարից զուրկ են: Թուրքական իշխանությունները նրանց դրել են երկմտության առջև՝ հարկադրելով կամ հեռանալ պապենական վայրերից, կամ էլ ընդունել մահմեդականությունը”:
Էրզրումի ռուս գլխավոր հյուպատոսը 1886թ. հունվարի 31-ին գրում է. “Կյանքի պայմանների վատացման հետևանքով հայերը ընտանիքով գաղթում են Ռուսաստան: Թուրքական  իշխանությունները շտապ կարգով լքված հողերի վրա տեղավորում են մահմեդականներին”:
Էրզրումի ռուսական հյուպատոսը Կ. Պոլիս դեսպանին ուղղված զեկուցագրում նշում է, որ “Հայերի հարսանեկան արարողությունները թուրքական իշխանությունները դիտում են որպես ապստամբություն”:
“Ռուսսկիյ լիստոկ” լրագիրը նշում էր. “Սուլթանը հայերի հանդեպ վարում էր երկդիմի, երեսպաշտական քաղաքականություն: Նա արտաքին էֆեկտ էր ստեղծում, որ իբր թե հարգում և հովանավորում է հայերին, խորամանկորեն խուսանավում էր եվրոպական տերությունների հետ հարաբերության ընթացքում: Խոստանում էր անցկացնել բարեփոխություններ, հայերին տալ լիարժեք իրավունքներ, սակայն նենգաբար կոտորում էր նրանց”:  
Ռուս լրագրող, հրապարակախոս Վ. Գոլմստրեմը  գրում է. “Հայերը զրկվել են ապրելու իրավունքից, իսկ կոտորածը դիտվել է օրինական”:  
“Ռուսսկայա Միսլ” հանդեսը, աշխատելով երկրում ստեղծել հայամետ հասարակական կարծիք, ծավալելով հայանպաստ գործունեություն, հակադրվելով պահպանողական մամուլի առաջադրված տեսակետներին, ընդգծում էր, որ “Ռուսական մամուլը դաժանության աստիճանի չարությամբ է տրամադրված հայերի նկատմամբ: Նա  մերժում է Հայկական հարցի գոյությունը, գտնելով, որ Հայկական հարցը հանդիսանում է մի քանի երիտասարդ տաք գլուխների հորինվածք: Թուրքիայում, նույնիսկ Ռուսաստանում, մի քանի անմիտների խորամանկ Ալբիոնի հովանավորությամբ ազգաբնակչության մեջ ծավալած ագիտացիայի հետևանք”:   

Մայիսի  1, Աշխատանքի միջազգային օր

Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն  նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց  են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:  
1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:  Սակայն առաջին նագամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում:
Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

Մայիսի  9, Հաղթանակի  և  խաղաղության  տոն

Մայիսի 9-ը տոնն է 1941-45թթ. ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային բանակի հաղթանակի:  Այս օրը Ռուսաստանում մեծ շուքով սկսվեց նշվել Լ. Բրեժնևի կառավարության տարիներին: Կարմիր հրապարակում տեղի էին ունենում նաև զինվորական շքերթներ, որոնք հոբելյանական էին 1965, 1975, 1985 և 1990թթ.:
60-ականներից զինվորական շքերթներ էին նշվում նաև նախկին խորհրդային միության մի շարք քաղաքներում, դրանց թվում նաև Երևանում: Այդ օրը զինվորական երթով հարգանքի տուրք էին մատուցում զոհվածների հիշատակին, ծաղիկներ դնում նրանց հուշարձաններին: Երկրորդ Համաշխարհայինին մասնակցեցին  մոտ 450 հազար հայեր, որից 275 հազարը չվերադարձան մարտի դաշտից: 70 հազարից ավելին արժանացել են մարտական շքանշանների ու մեդալների,  103-ը պարգևատրվել են խորհրդային միության հերոսի կոչումով,  30-ը` զինվորական փառքի   շքանշանով: Առաջին անգամ Անդրկովկասում խորհրդային միության կրկնակի հերոսի կոչում է ստացել ծնունդով Շուշիից օդաչու Նելսոն Ստեփանյանը: Հայերը կռվում էին 5 ազգային ստորաբաժանումներով՝ 89-րդ, 408, 409, 390, 261 հրաձգային  դիվիզիաներով և 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայով, որը աչքի է ընկել Ստալինգրադի տակ: 261 դիվիզիան ամբողջությամ ձևավորված հայերից, անցավ մարտական մեծ ուղի՝ հասնելով Գերմանիա: Խորհրդային ազգային ստորաբաժանումներից միայն 89-րդ Թամանյան դիվիզիան իր լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ մասնակցեց Բեռլինի գրավմանը:  
Միայն հայկական Չարդախլու գյուղը Մեծ Հյրենականին տվեց 2 մարշալ, 12 գեներալ, իսկ 360-ը պարգևատրվել են խորհրդային միության շքանշաններով:
Հայերը մարտնչել են նաև պարտիզանական ջոկատներում: Դա Ուկրաինայում գործող “Հաղթանակ” ջոկատն էր:
Հայտնի “Երիտասարդ գվարդիա” հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպության անդամներից էին Գեորգի Հարությունյանը և Մայա Փեհլևանյանը: Խորհրդային բանակի գեներալական խորհրդի կազմի մեջ եղել են 60 հայ գեներալներ, որոնք պատերազմի ընթացքում գլխավորել են խոշոր բանակային միավորումներ:  Նրանցից էին խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Հ. Բաղրամյանը, ծովակալ Հ. Իսակովը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը /Խամփերյանց/ և ուրիշներ: Ֆաշիզմի դեմ պայքարում անտարբեր չմնաց նաև առաջադեմ սփյուռքահայությունը: Սփյուռքահայության և հայ եկեղեցու միջոցներով կարմիր բանակին տրամադրվեց 2 տանկային շարասյուն՝ “Սասունցի Դավիթ”, “Գեներալ Բաղրամյան”  և մարտական ինքնաթիռներ:
Այս օրը կրկնակի տոն է Հայաստանի Հանրապետությունում: Մայիսի 9-ին նշվում է նաև Շուշիի ազատագրման օրը: 1992թ. անհավասար ու դաժան պայքարով ազատագրվեց Շուշին:

Մայիսի  28, Հանրապետության  տոն

Հայկական առաջին հանրապետությունը հռչակվեց “Հայակական ազգային խորհրդի”  կողմից  1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսում: Այն գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920թ., երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:

Հուլիսի  5, Սահմանադրության  օր

1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:

Սեպտեմբերի 1, Գիտելիքի օր

Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, սեպտեմբերի 1-ին նշում են Գիտելիքի միջազգային օրը: Սեպտեմբերի 1-ին տոնում են նոր ուսումնական տարվա սկիզբն առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասավանդողների համար: Ավանդաբար այդ օրը դպրոցներում տեղի են ունենում հանդիսավոր տողաններ, որոնք նվիրված են նոր ուսումնական տարվա մեկնարկին: Օրն առանձնահատուկ հանդիսավորությամբ են դիմավորում առաջին դասարանցիներին:

Սեպտեմբերի  21, Անկախության  տոն

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:
Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Անկախության Հանրաքվեի ընթացքին հետևեց 117 դիտորդ` 25 երկրից:
Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը:
Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

Թանգարանային գիշեր

“Թանգարանային գիշեր” միջոցառումը առաջին անգամ անցկացվեց 1999թ. Ֆրանսիայում: Նախաձեռնությունը արժանացավ եվրոպական այլ երկրների ութշադրությանը և աստիճանաբար դարձավ եվրոպական սիրված տոներից մեկը:  2005թ. Հայաստանը միացավ այս ակցիային:

Եվրոպական ժառանգության օրեր

1991թ.-ին Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հաստատված “Եվրոպական ժառանգության օրերը” 1999թ.-ից ի վեր համատեղ իրականացվում են Եվրոպական միության համագործակցությամբ՝ “Եվրոպա. միասնական ժառանգություն” կարգախոսով:
Միայն 2003թ. “Եվրոպական ժառանգության օրերին” մասնակցել են 48 երկրների մոտ 20 միլիոն քաղաքացիներ, որոնց համար եվրոպական դրոշի ներքո բաց են հայտարարվել շուրջ 33 հազար հուշարձաններ ու տեսարժան վայրեր, թանգարաններ ու ցուցասրահներ: